Ինչ է Ս. Մյուռոնը
Աստված Ինքը Մովսեսին պատվիրեց օծության յուղի պատրաստման ձևը, որով զանազան առարկաներ էին օծում (տե՛ս Ելք. 30:22-33): Օծումից հետո դրանք դառնում էին սրբագործված, զանազանվում մյուսներից և օգտագործվում ծիսական արարողությունների ժամանակ: Օծման նշանակությունը վերաիմաստավորվեց Հիսուս Քրիստոսի գալստյամբ: Ի դեպ` հունարեն «Քրիստոս» բառը նշանակում է հենց «Օծյալ»: Եվ արդեն Նախնի Եկեղեցում հանդիպում ենք յուղերով օծելու զանազան դեպքերի:
Սրբալույս Մյուռոնի օրհնությունը նվիրական արարողություն է ամեն հայի համար: Այն միավորիչ ուժն է աշխարհասփյուռ հայության և շաղախող հզոր ուժը մեր «փոքր ածուի» անցյալի և ներկայի: Ս. Մյուռոնը մշտապես հիշեցնում է ամենքիս, որ մենք` իբրև քրիստոնյաներ, մկրտվել և ծնվել ենք Հայոց Եկեղեցու Ս. Ավազանից` մեր ճակատին կրելով Ս. Հոգու խորհրդանիշ Ս. Մյուռոնի կնիքը: Այս խորհրդով և հոգևոր գիտակցությամբ ենք ապրել և շարունակում ենք կյանքի մեր ընթացքը Ս. Էջմիածնի օրհնության ներքո: Սրբալույս Մյուռոնն իր ճակատին կրող յուրաքանչյուր հայորդու համար այն դարձել է նաև սրբության և ազգային դրոշմի խորհրդանիշ, որն իր արտացոլումն է գտել նաև մեր ժողովրդի հոգեբանության և մտածողության մեջ: Ուստի պատահական չէ, որ Ս. Մյուռոնին են նվիրվել մի շարք մեկնաբանական երկեր, քարոզներ և չափածո ստեղծագործություններ: Մյուռոնին ընծայված բացառիկ սիրո և նշանակության մասին է ակնհայտորեն վկայում նաև հայկական ընտանիքներում կնքահորը` քավորին, ընծայվող խորը հարգանքն ու պատիվը: Չէ՞ որ այդ Մյուռոնի շնորհիվ են նրանք իրար հետ հարազատ դառնում և ուխտում` իրենց ողջ կյանքում հավատարիմ լինել այդ սուրբ օծությանը: Այս օրինակները կարելի է շարունակել, որոնք մեկ անգամ ևս փաստում են Ս. Մյուռոնի կարևորությունն ու դերակատարությունը մեր «փոքր ածուի» հոգեմտավոր կյանքում:
Ս. Մյուռոնի գործածությունը
Ըստ ազգային Ավանդության, որը մեջբերված է 13-րդ դարի նշանավոր աստվածաբան, մեկնիչ, տոմարագետ, մանկավարժ և պատմագիր Վանական վարդապետի «Հայ ազգի գովեստը» աշխատության մեջ, Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Հայոց աշխարհի առաջին լուսավորիչ Ս. Թադեոս առաքյալը:
Այս մասին է նշում նաև Վարդան Արևելցին իր «Աշխարհացույցում»: Հայաստան գալով` նա իր հետ բերած սրբազան յուղով օծում է հիվանդ Աբգար թագավորին և բժշկում նրան:
Այնուհետև առաքյալը մեկնում է Տարոն, ուր մշտադալար մի եղերդենու տակ թաղում է շշով բերած իր յուղը:
Այդտեղ իջած լույսով և Ս. Գրիգոր Լուսավորչին երևացած տեսիլքի շնորհիվ Հայոց առաջին Հայրապետը գտնում է առաքյալի թաղած սուրբ յուղը և խառնում իր օրհնած Մյուռոնին:
Հետագայում մեր հավատքի հայր Ս. Գրիգոր Լուսավորիչն այդ վայրում կառուցում է Ս. Հովհաննես Մկրտչի անունով մի եկեղեցի, որը հայ մատենագրության մեջ կոչվում է նաև «Եղրդուտի վանք» կամ «Ս. Շիշ յուղի վանք»:
Եվ այսպես ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին: Այս քայլով մեր Եկեղեցին ոչ միայն ապահովում է դարեդար փոխանցվող Մյուռոնի հաջորդականությունը, այլ նաև ևս մեկ անգամ շեշտում Սրբազան Ավանդության հանդեպ իր հավատարմությունը:
Երբ է գործածվում Ս. Մյուռոնը
Հայոց Եկեղեցում կատարվում են մի շարք ծեսեր և կանոններ, որոնց ժամանակ օգտագործվում է Ս. Մյուռոնը: Դրանք են`
1. Ս. Դրոշմի խորհուրդը, որը հաջորդում է անմիջապես Ս. Մկրտությանը: Արարողության ժամանակ քահանայական աստիճան ունեցող հոգևորականը Ս. Մյուռոնով օծում է մկրտյալի մարմնի ինը մասերը` նրան փոխանցելով Ս. Հոգու շնորհները:
2. Ս. Մյուռոնով են կատարվում քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծումները: Քահանայական օծման ժամանակ ձեռնադրող եպիսկոպոսն օծում է ընծայացուի ճակատը և երկու ձեռքերը, եպիսկոպոս ձեռնադրելիս Ամենայն Հայոց Կաթողիկոսն օծում է ապագա եպիսկոպոսի ճակատը և աջ բթամատը` իշխանություն տալով նրան ձեռնադրություններ կատարել, եկեղեցիներ օծել և այլն: Մեր Եկեղեցում օծվում է նաև Հայոց Հայրապետը: Ս. Մյուռոնը հեղվում է նրա գլխին` որպես Հայոց Եկեղեցու ընդհանրական Հայրապետի և Լուսավորչի հոտի միությունը պահպանողի: Մյուռոնով օծվելն է պատճառը, որ հայ հավատացյալը համբուրում է օծված հոգևորականի աջը, իսկ ձեռնադրությունից հետո` օծված ճակատը: Հնում Մյուռոնով են օծվել նաև հայ թագավորները:
3. Մյուռոնով են օծվում նորակառույց եկեղեցու հիմքի խաչապատկեր քարե սալիկները, գմբեթի խաչը, եկեղեցու նավակատիքին` Ս. Խորանը, Հիսուս մանկան հետ Տիրամոր նկարը և եկեղեցու սյուները: Եվ միայն օծվելուց հետո է եկեղեցում մատուցվում Ս. Պատարագ, քանզի այն արդեն սրբագործված է և մաքուր:
4. Ամեն տարի հունվարի 6-ին` Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Ս. Պատարագից հետո կատարվող ջրօրհնեքի ժամանակ Ս. Մյուռոնը հեղվում է Հորդանան գետը խորհրդանշող ավազանի մեջ` ի հիշատակ մկրտության ժամանակ Հորդանանում Հիսուսի վրա Ս. Հոգու էջքի: Այս կապակցությամբ գեղեցիկ մի ազգային ավանդություն են մեջբերել Արիստակես Լաստիվերտցի և Կիրակոս Գանձակեցի պատմիչները: Ըստ վերջիններիս` ԺԱ դարում Պետրոս Գետադարձ Կաթողիկոսը Վասիլ Բ կայսեր կարգադրությամբ հունվարի 6-ին մեծ շուքով Ջրօրհնեք է կատարում Տրապիզոնում: Երբ Հայոց Հայրապետը Ս. Մյուռոնը կաթեցնում է գետի ջրի մեջ, լույսի մի խուրձ է փայլատակում, և որպես ապացույց Հայոց Ս. Մյուռոնի աստվածային ծագման և սրբության, գետը մի պահ կանգ է առնում: Պատմիչների մեջբերած այս գեղեցիկ պատմությունը կրկին վկայում է Ս. Մյուռոնի հանդեպ տածած մեր ժողովրդի խորը հարգանքի և անհուն սիրո մասին:
Մյուռոնի արծաթե կաթսան
Արդեն շուրջ 120 տարի է, ինչ Մայր Աթոռում գործածվում է Մյուռոնի արծաթե այս կաթսան, որը 1895 թ. հունվարի 1-ին Ս. Էջմիածնին է նվիրաբերել Նոր Նախիջևանցի վաճառական Աղա Գասպար Հարությունյան Կարապետօղլյանը: Այն պատրաստվել է Մոսկվայում` Պ. Օվչիննիկովի արհեստանոցում:
Կաթսայի վրա պատկերված են Քրիստոսի մկրտությունը Ս. Հովհաննես Մկրտչի ձեռքով, Աբգար արքայի մկրտությունը Ս. Թադեոս առաքյալի կողմից, արքայական ընտանիքի մկրտությունը Ս. Գրիգոր Լուսավորչի ձեռամբ, Միածին Որդու էջքը, Մայր Տաճարը և Հոգեգալուստը: Կաթսայի գծագրության ծախսերը հոգացել է Հարություն Եզյանցը, իսկ կաթսայի վրայի ձուլածո կաղապարները պատրաստվել են Սերովբե Հարությունյանի տպարան-գործարանում:
Առաջին անգամ այս կաթսայում Ս. Մյուռոն է օրհնել Խրիմյան Հայրիկը 1897թ. սեպտեմբերի 14-ին:
Ս. Մյուռոնի պատրաստությունը սկսվում է Մյուռոնօրհնությունից ամիսներ առաջ, երբ աշխարհի զանազան վայրերից Մայր Աթոռ են բերվում անհրաժեշտ բոլոր նյութերը:
Ս. Մյուռոնն ունի երկու էական բաղադրիչ` ձիթենու յուղ և բալասան, որոնց խառնվում է 40-ից ավել տարբեր հոտավետ խունկերի, ծաղիկների, անուշահոտ բույսերի արմատների, ծաղկաջրերի, յուղային հյութերի և տերևների միաշաղախված հեղուկը:
Վերոնշյալ նյութերը, որոշակի պատրաստություն անցնելով, աղոթքներից, հոգևոր համապատասխան արարողություններից հետո լցվում են Ս. Մյուռոնի կաթսայի մեջ:
Մյուռոնօրհնությունից 40 օրեր առաջ անարատ ձիթենու յուղով Մյուռոնի կաթսան դրվում Ս. Էջմիածնի Մայր Տաճարի Ավագ Ս. Խորանի վրա` ծածկվելով նրբահյուս շղարշով:
Վեհափառ Հայրապետի ձեռամբ օրհնվում են Մյուռոնի անհրաժեշտ բոլոր նյութերը, լցվում մեծ կաթսայի մեջ, որոնք երեք օր շարունակ կրակի վրա եփվում են:
Կրակի վրայից վերցնելուց հետո թողնում են մի քանի օր, որպեսզի չլուծված ողջ նստվածքը ցած իջնի և մնա պարզված մաքուր հեղուկը, որը քամում են մաքուր կտավով և պահում մինչև Մյուռոնօրհնության օրը:
Ո՞վ է օրհնում Ս. Մյուռոնը
Մեր եկեղեցում մյուռոնօրհնության բացառիկ իրավունքը վերապահված է Ամենայն Հայոց Կաթողիկոսին: Այժմ մյուռոն է օրհնում նաև Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր մի քանի թեմերի համար: Ըստ վերջին շրջանում ձևավորված սովորության` մյուռոնն օրհնվում է 5-7 տարին մեկ, բայց անհրաժեշտության դեպքում այն կարող է նաև խախտվել:
Անկասկած երջանիկ է այն Կաթողիկոսը, ով իր գահակալության ընթացքում կարողանում է գեթ մեկ անգամ մյուռոն օրհնել և իր հայրապետական օրհնությունը բաշխել հավատացյալներին: Ցավոք, պատմության ընթացքում ունեցել ենք նաև այնպիսի Հայրապետներ, ովքեր այդպես էլ չեն հասցրել կատարել սրբազան այս արարողությունը:
Օր.` Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի Իզմիրլյան Կաթողիկոսը (1908-1910) իր կարճատև գահակալության ընթացքում չհասցրեց մյուռոն օրհնել, քանզի 1909 թ. նշանակված արարողությունը հետաձգվեց Կովկասում բռնկված խոլերայի պատճառով: Նույն բախտին արժանացան նաև երջանկահիշատակ Խորեն Ա Մուրադբեկյանը (1932-1938) և Գևորգ Զ Չորեքչյանը (1945-1954), ում նույնպես բախտ չվիճակվեց մյուռոն օրհնել քաղաքական և խորհրդային կարգերի պատճառով:
29 տարվա դադարից հետո վերջապես 1955 թ. հոկտեմբերի 8-ին իր առաջին մյուռոնօրհնությունը կատարեց նորընտիր Վազգեն Ա Պալճյանը (1955-1994): Բացի սրանից, Վազգեն Վեհափառն իր գահակալության ընթացքում կատարեց ևս 5 մյուռոնօրհնեք: 1991 թ. սեպտեմբերի 29-ին Աստծո կամքով նա օրհնեց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին մյուռոնը` անվանելով այն «Անկախության մյուռոն»: Վազգեն Կաթողիկոսին հաջորդած Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսը 1996 թ. սեպտեմբերի 8-ին Մայր Աթոռում կատարեց իր առաջին մյուռոնի օրհնությունը` կոչելով այն «Վերածնության մյուռոն»:
Բայց հաջորդը տեղի ունեցավ ոչ թե յոթ տարի հետո, այլ` հինգ, այսինքն` 2001 թ., երբ ազգովի նշում էինք հայոց մեծ դարձի 1700-ամյակը: Վերոգրյալ բոլոր օրինակները և պատմական տվյալները ցույց են տալիս, որ ազգային-եկեղեցական կարևոր և հիշարժան տարեթվերի, մյուռոնի պակասության կամ այլ հանգամանքների դեպքում Վեհափառ Հայրապետը կարող է մյուռոնօրհնեք կատարել` օգտվելով իրեն վերապահված իրավունքից:
Ս. Մյուռոնի պատրաստման ընթացքը
Մյուռոնօրհնության ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոսը վերցնում է ծաղիկներից պատրաստված խտանյութը և լցնում ձիթայուղի մեջ, իսկ հետո նույն ձևով նաև բալասանը:
Այնուհետև նա հին Մյուռոնը լցնում է նորի մեջ, որից հետո երգվում է «Առաքելոյ աղաւնոյ» շարականը:
Ապա Հայոց Հայրապետը տյառնագրում և խառնում է Ս. Մյուռոնը Հայոց Եկեղեցու ավանդական երեք նվիրական սրբություններով` Տիրոջ խաչափայտի մասունքով Կենաց Խաչով, աստվածամուխ Ս. Գեղարդով և Ս. Գրիգոր Լուսավորչի Աջով` երեք անգամ ասելով. «Թող օրհնվի և սրբվի Մեռոնս այս Ս. Խաչի նշանով, այս Ս. Ավետարանով, Ս. Աջովս (կամ Գեղարդովս) և օրվա խորհրդով Հոր, Որդու և Ս. Հոգու անունով...»:
Հայրապետական այս օրհնություններից հետո կաթսան կրկին ծածկում են նուրբ շղարշով:
Տ. Զաքարիա վրդ. Բաղումյան
Nessun commento:
Posta un commento