giovedì 13 marzo 2014

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

Չարենց Եղիշե
1897 թ., ք. Կարս 
(այժմ՝ Թուրքիայում)
1937 թ., Երևան 
(անհատի պաշտամունքի զոհ, 
գերեզմանի տեղն 
անհայտ է)

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ (ՍՈՂՈՄՈՆՅԱՆ) ԱԲԳԱՐԻ

Եղիշե Չարենցը հայ գրականության նորագույն շրջանի սկզբնավորողն է. ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ: 
Ծնվ. 13.03.1897թ., Կարս: 
Մահ. 27.11.1937թ., Երևան, անհատի պաշտամունքի զոհ: 
Սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալիստական դպրոցներում (1908-12), Մոսկվայի Շանյավսկու անվ. ժող. համալսարանում (1916-1917), 1922-ին, իբրև ունկնդիր, ընդունվել է Մոսկվայի Վ. Բրյուսովի ղեկավարած բարձրագույն գրական-գեղարվեստական ինստիտուտը, սակայն ուսումը կիսատ է թողել: 
1924թ-ի նոյեմբերի 20-ից մինչև 1925-ի հուլիսը եղել է արտասահմանում: 
1926-28-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի, «Նորք» ամսագրի խմբագրություններում, 
1928-35-ին՝ Հայպետհրատում: 
1912-17-ին հետևել է սիմվոլիզմի գրական ուղղությանը («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Հրո երկիր», 1913-16, «Տեսիլաժամեր», 1915, «Ծիածան», 1917, բանաստեղծությունների շարքեր): 
Իրական աշխարհից դուրս ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑն այդ տարիներին որոնել է երազային մի եզերք, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել ցնորքն ու ցանկությունները: 
Այդ տարիներին նա հայտնաբերել է միակ ու անփոխարինելի սրբությունը՝ հայրենիքը, որն իր աչքի առաջ ծվատվում էր Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին և վերածվում դանթեական դժոխքի («Կապուտաչյա հայրենիք», 1915, «Դանթեական առասպել», 1916, «Վահագն», 1916, «Ազգային երազ», 1917): 
Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով. բանաստեղծությունների առաջին շարքերին:«Տաղարանում» Չարենցի ուղեկիցն ուշ միջնադարի մեծանուն բանաստեղծ Սայաթ-Նովան է: Շարքի վերջին՝ «Ես իմ անուշ Հայաստանի...» տաղը Հայաստան-յարին ուղղված հայրենահիացումի սքանչելի ձոն է.
Իմ կարոտած սրտի համար ո՜չ մի 
ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես 
լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցիր՝ Արարատի նման 
ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ 
ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:
1918-21-ին և 1922-24-ին ստեղծած բանաստեղծությունների շարքերը, պոեմներն ու բալլադներն առանձնանում են հեղափոխական ռոմանտիզմով ու «ձախ» տրամադրություններով («Սոմա», 1918, «Ամբոխները խելագարված », 1919, «Ողջակիզվող կրակ», 1918-20, «Նայիրի երկրից», 1920, «Ոթմանս անսեր», 1920, «Չարենց-Նամե», 1922): 
Հայրենիքի կործանման ահավոր տագնապը սրտում՝ 1920 թ-ին Չարենցը գրել է «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը, որը շարունակական դարձած ազգային ողբերգությունների խտացումն է: Երկրի ճակատագրով այրվող բանաստեղծը ճգնաժամային այդ պահին պատրաստ է դառնալու իր հայրենիքի վերջին զոհը.
Թող ո՜չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան,
Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՜րբ երկիր, լուսապսակ քո ապագան...
Նրա ստեղծագործության մեջ առանձնակի հնչողություն ունի հայրենասիրական թեման («Տաղարան», 1920-21, «Մահվան տեսիլ», 1920): 
1925-32-ի ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի պոեզիան խորհրդանշվում է «ձախ» տրամադրությունների հաղթահարմամբ ու հոգեբանական ռեալիզմի սկզբունքների հաստատմամբ («Պոեմ հերոսական», 1925, «Խմբապետ Շավարշ», 1929, «Լիրիքական անտրակտ», 1927-30, «Էպիքական լուսաբաց», 1930): 
1934-ին լույս է տեսել ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, որտեղ զետեղված են «Պատմության քառուղիներով», «Դեպի լյառը Մասիս», «Նորք» պոեմները, որոնցում նա փիլիսոփայական խորհրդածության է վերածել իր ժողովրդի պատմական ճակատագիրը: 
1935-37-ը ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի ստեղծագործական գործունեության ամենաբարդ շրջանն է, որը բնութագրվում է անձնական, հանրային, պատմական ու քաղաքական կյանքի ճիշտ ու վավերական պատկերումով: 
Այդ տարիներին նա գրել է «Կոմիտասի հիշատակին», «Նավզիկե», «Իմ լերան աղոթքը», «Մի ամայի վայրում, չգիտեմ որտեղ» պոեմները, «Հերոսի հարսանիքը» չափածո թատերգությունը, «Դոֆին նայիրյան» սոնետների շարքը, բազմաթիվ բանաստեղծություններ ու էպիգրամներ: 
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի պոեզիան առանձնանում է գրակամ ժանրերի, տաղաչափական ձևերի, լեզվաոճական տարրերի ու պատկերավորման միջոցների բազմազանությամբ: 
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑը կատարել է նաև թարգմանություններ: 
1937-ին անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել: 
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի անունով են կոչվել Չարենցավան քաղաքը, Երևանում՝ Գրականության և արվեստի թանգարանը, ՀՀ տարբեր վայրերում՝ դպրոցներ, փողոցներ, գրադարաններ: 
Երևանում գործում է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի տուն-թանգարանը, Օղակաձև զբոսայգում կանգնեցված է նրա հուշարձանը (1987, քանդ.՝ Ն. Նիկոդոսյան): 
Հայաստանի գրողների միությունը սահմանել է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի անվան մրցանակ: 

Չարենցի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի քաղաքներում, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը (1985 թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

Ե՜ս եմ հիմա – մի պոետ. 
և իմ անունը – Չարենց –
Պիտի վառվի դարերում, 
պիտի լինի բա՛րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից 
ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ 
դեպի վառվող ապագան:
«Անկումների սարսափից» 
բանաստեղծությունից

  «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Եղիշե Չարենց

   «Ես իմ անուշ Հայաստանի»-ն բոլոր մասշտաբներից դուրս պաննո է: Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին ... Դա մեր ազգային կենսագրության ու վարքի կենդանի արտացոլանքն է»:
Մարտիրոս Սարյան, 
նկարիչ

   «Զայն («Ես իմ անուշ Հայաստանի»-ն) մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմությանը նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը, «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը»: 
Վիլյամ Սարոյան, 
գրող

   «Չարենց հայ հանճարի նոր հաստատում մըն է ու նույն ատեն՝ բարեգուշակ նշան մը հայ ցեղի հոգեկան զորացման»:
Արշակ Չոպանյան, 
գրող, գրականագետ

   «Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ: Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ: Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում»:
Վահրամ Փափազյան, 
դերասան

   «Չարենցը հեղափոխության ոչ միայն մեծատաղանդ երգիչն էր, այլև մեծատաղանդ հեղափոխական էր երգի մեջ: Դա պաշտոնների համատեղություն չէր, այլ տարերքների համընկնում»:
Պարույր Սևակ,
բանաստեղծ
Ո՞վ այդ արեւը բերեց։–
Ահա ոսկյա մի արեւ՝
Ճարագումով իր հրե՝
Այգաբացի փուրփուրե
Նժույգների վրա հեծ՝
Նոր աշխարհին ու մարդուն
Հղում Է լույս զվարթուն,
Նոր աշխարհին ու մարդուն
Ո՞վ բերեց լույսն այս արթուն,
Օ, ու՞մ ձեռքով վառվեց, ու՞մ։
Հրակարմիր, հրավարս,
Ադամանդյա լույսը այս։-
Կքած կյանքի բեռի տակ,
Խոր գերության ընթերքում,
Իմաստության մի գետակ
Հիմարության համերգում–
Քանի տարի, քանի դար
Վկայեցիր անհերքում…
Ափերին այս խավարթչին,
ՈՒր հայրենիքն էր մեր հին,–
Չկա՞ր արդյոք գեթ մի հորդ,
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝
Մթության մեջ այն համար
Այս այգաբացն էր կրում,
Հուր այգաբացն այս հեռու՝
Հնուց պահած իր ջրում
Օ, ըղձական այս հեռուն…
Կքած կյանքի բեռի տակ՝
Վոգի անքոր, հուր գետակ…
Ահա վառվում է մեր նոր
Հաղթանակի լուսը բորբ.
Լվանում է նա հիմա
Վառվող ոգին մեր անմահ,
Չքնաղ արեւն այդ արի,
Վառված հրով աշխարհի…
Չկա ուրիշ արեւ էլ.
Նա է միայն, որ դարեր
Անմար՝ պիտի արեւէ…

Լույսով վառված սակայն այդ՝
Նժարներից հիմա մենք
Հիմարությամբ չթափենք
Իմաստությունն այն արար.–
Մեր անցյալի խորամիտ
Էջն այն արդար ու ռամիկ՝
Մեծահանճար ու վարար…


ՎԱՀԱԳՆ

Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …
1916

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ

Կնոջս և բարեկամիս` Իզաբելլային


Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի` թերթերում գրած:
Ծանոթ կնոջ պես այրի կամ դժբախտ,
Բարեկամուհու նման տխրատեսք,
Լուրը կշրջի փողոցները նախ,
Ապա կմտնի դուռ-դարպասից ներս...
Իբրև ծերունի մի թերթավաճառ`
Հուշիկ քայլերով և համարյա կույր,
Կշրջի բոլոր տներն անպատճառ
Ու կհայտնվի ամեն մի բակում:
Ստվերի նման, սահած տնից-տուն,
Կկանգնի անտես հյուրի պես մռայլ,
Կկանգնի, ինչպես դժնի լռություն`
Տարածված ամբողջ քաղաքի վրա:
Եվ համր մի պահ` գիշերվա կեսին,
Բոլորի սրտում կկանգնի հանկարծ
Անհաղորդ, ինչպես հեռավոր լուսին,
Իմ դեմքը ` արդեն հավիտյան հանգած:

Եվ մարդիկ` երեկ կյանքիս անծանոթ,
Եվ երբեք, երբեք դեմքս չտեսած,
Եվ մարդիկ` միայն երբեմն ինձնով
Իրենց ֆանտաստիկ առասպելն հյուսած,
Եվ մարդիկ` անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեև կյանքիս արձագանք`
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եվ կարծել են , թե ես վաղուց չկամ,-
Այդ բոլոր մարդիկ իմ մահվան բոթից,
Որպես ընդհանուր աղետից սարսած`
Զարմացած կզգան ինձ այնքան մոտիկ
Եվ հանկարծ այնքան թանկ ու հարազատ...
Եվ երկրում, ինչպես բարձրանա փոշին,
Եվ հոգիներում , ինչպես հուշ հառնի,-
Ելնելով անցած օրերիս նաշից,
Իմ ուրվականը պիտի սավառնի:

Եվ քաղաքներում, և գյուղերում խուլ,
Անցորդներն` իրար անծանոթ անգամ,
Աչքերում իրար և հայացքներում
Պիտի միևնույն թախիծը կարդան...

Եվ դեմքով տխուր, և լուռ աչքերով
Պիտի միևնույն սուգը հաղորդեն,
Երգերիս հանդեպ անսահման ներող,
Մոռացած բոլոր հանցանքներս արդեն...
Կբանան ոմանք իմ գիրքը գուցե,
Կթերթեն դանդաղ, կկարդան տողեր,
Տարտամ շարժումով գիրքը կգոցեն,
Եվ թախիծը խոր հուշս կողողե:

Եվ գուցե միայն սենյակում մի խուլ,
Գլուխը թեքած պատկերիս վրա`
Կնայի մի կին աչքերիս տխուր,
Եվ կարցունքոտվեն աչքերը նրա:-

***
Երազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս եկավ սազը ձեռին.
Հրի նման վառման գինու ոսկեջրած թասը ձեռին, 
Նստեց, անուշ տաղեր ասավ, հին քամանչի մասը ձեռին
Էնպես ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին:

ՈՒ էն երգին օրոր-շորոր, ինչպես հուրի, ատլաս ու խաս,
Երազիս մեջ գոզալն եկավ` ինքն էլ վառման քաղցր երազ.
Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,
Կանգնեց-մնաց` դեմքից քաշած ոսկեկարած խասը ձեռին:

Նայե՜ց-նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց.
Ասավ` Չարե'նց, էս գոզալից սրտիս մի հին մրմուռ մնաց.
Սիրտս վառվեց, մոխիր դարձավ` ինքը կրակ ու հուր մնաց. -
Դո'ւ էլ նրա գովքը արա, որ գա` ոսկե մազը ձեռին:

Էսպես ասավ Սայաթ-Նովեն ու վեր կացավ, որպես գիշեր,
Գնաց նորից տխուր ու լուռ` սիրտը հազար մուրազ ու սեր.
Երազն անցավ - դո'ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսե,
Մեկ էլ իմ խեղճ սիրտը մնաց` Սայաթ-Նովի սազը ձեռին:
***
Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,
Երգեմ պիտի գիշեր-ցերեկ - ու սրտի խաղ պիտի ասեմ.
Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սեր - 
Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ:

Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմս ելար երազի պես,
Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պես,
Անուշ հոտով սիրտս լցրիր - Վարդստանի, Շիրազի պես, - 
Ինչ էլ ըլի էշխդ, գոզալ, - երգս ուրախ պիտի ասեմ:

Աշխարհը մե բաղ է, գոզալ, - նստել ես դու բաղի մեջը,
Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մեջը,
Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մեջը, -
Սրտիս անուշ արտասուքին երկնային շա'ղ պիտի ասեմ:

Էնքան ըլի մե-մե անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,
Էն փուչ կյանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ, -
Էնպես արա, որ քեզ չասեմ՝ դո'ւ էլ ինձ պես մարդ ես, գոզալ, -
Թե լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ:

***

ՊԱՏԳԱՄ

Նոր լույս ծագեց աշխարհին. 
Ո՞վ այդ արևը բերեց:--

Ահա ոսկյա մի արև՝ 
ճառագումով իր հրե՝ 
Այգաբացի պուրպուրե 

Նժույգների վրա հեգ՝ 
Նոր աշխարհին ու մարդուն 
Հղում է լույս զվարթուն, 
Նոր աշխարհին ու մարդուն 
Ո՜վ բերեց լույսն այս արթուն, 
Օ՜, ո՞ւմ ձեռքով վառվեց, ո՞ւմ, 
Հրակարմիր, հրավարս, 
Ադամանդյա լույսը այս:- 

Կքած կյանքի բեռի տակ, 
Խոր գերության ընդերքում, 

Իմաստության մի գետակ 
Հիմարության համերգում-- 
Քանի՜ տարի, քանի՜ դար 
Վկայեցիր անհերքում... 

Ափերին այն խավարտչին, 
ՈՒր հայրենիքն էր մեր հին,-- 
Չկա՞ր արդյոք գետ մի հորդ, 
Որ գերության անհաղորդ՝
Լուրթ՝ հոսելով դարից-դար՝ 
Մթության մեջ այն համառ 
Այս այգաբացն էր կրում, 
Հո՜ւր այգաբացն այս հեռու՝ 
Հնուց պահած իր ջրում 
Օ՜, ըղձակա'ն այս հեռուն... 

Կքած կյանքի բեռի տակ՝ 
Ոգի՜, անկոր, հո՜ւր գետակ... 

Ահա վառվում է մեր նոր 
Հաղթանակի լույսը բորբ. 
Լվանում է նա հիմա 
Վառվող ոգին մեր անմահ, 
Չքնաղ արև'ն այդ արի, 
Վառված հրով աշխարհի... 
Չկա՜ ուրիշ արև է'լ. 
Նա' է միայն, որ դարեր 
Անմար՝ պիտի արևէ'... 

Լույսով վառված սակայն այդ՝ 
Նժարներից հիմա մենք 
Հիմարությամբ չթափենք 

Իմաստությունն այն արար.-- 
Մեր անցյալի խորամիտ 
Է'ջն այն արդար ու ռամիկ՝ 

Մեծահանճար ու վարար... 
***
Ես իմ անուշ Հայաստանի
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
ՈՒ նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրչիթների անհյուրընկալ պատերը սև
ՈՒ հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

ՈՒր էլ լինեմ - չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիչ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փարքի չամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:
***
ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ
(Նոր Ուղղագրությամբ)

Եղիշե Չարենց

Բազմել է ցարերի գահին
Թիֆլիսի նեղճակատ կինտոն,
Խրոմե սապուգներ հագին
Եւ գահը արել է ֆայտոն:
Նստել է քշում է բռի,
Վարգում է, ոտնում է անցնում,
Տիրան է, Ներոն է բռնի,
Սփռում է արյուն ու արցունք:
Լռել են ձայները «ի զեն»,
Դառել են կեղծած հիացում,
Նորավոր երկիրը հյուսկեն
Ժայթքում է իր մեջ մակածում,
Որ հետո ահավոր պարպի,
Խլացնի որոտներն ապեղեն,
Եւ ինչպես միջուկը պայթի,
Հուրհրա լավան հրեղեն:
Շառաչի, հորդանա, հորդի,
Արնաներկ գահի վրայով,
Զի բավ է արևներ մորթի
Այս կինտոն սարդի ճակատով:
Օ՜, երբ է Մըսըրը եղել,
Մեր հիմքում նման հոր փորող,
Ոչ ոք մեզ այսպես չի նեղել,
Ինչպես այս հարճորդին կարող:
Սև կառքի կառապան լկտի`
Բազմել է ցարերի գահին,
Լափում է որձակը մտքի,
Զրկում է մեզ հունդից ազգային:
Ի՜նչ անե նստվածքը ռամիկ,
Կավատի դավից անտեղյակ,
Արև էր, դառել է մահիկ
Աշխարհոմ մնացել մենակ:
Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արևներ,
Իջնում է ազգիս երեկոն,
Եղավ մեզ չլսված մի նեռ,
Թիֆլիսի նեղճակատ կինտոն:

1937 թ., բանտ
(Գարուն)
***
ՄԱՀՎԱՆ ՏԵՍԻԼ 
Որպես լքված թավջութակի ձգված մի լար՝
Դողում է սիրտս կարոտով մի ահարկու.
Կարոտներիս գագաթն է այն՝ վերջին քնար.-
Մի պիրկ պարան ու երկնուղեշ փայտեր երկու:
Որպես բախտիս մութ քամահրանքը, կամ որպես
Մի հին խոստում, որ անկատար, դրժած թողի -
Կախաղանի փայտերն ահա քաղաքի մեջ
Կանգնել են, սեգ, ու սպասում են կախվողի:
Կանգնել են, լուռ, իրար կքած, փայտեր երկու,
Ու մեջտեղում դողում է, մեղկ ու երերուն,
Մի գորշ պարան, ինչպես տխուր այս օրերում
Անբոց մորմոքը նաիրյան իմ ո՜րբ հոգու:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ,
Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող,
Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան
Մահվան թախիծը՝ իմ անլուր սիրտը բանտող:
Ու խանութները, գորշ կքած, ու այն մարդիկ,
Որ հավաքվել են փայտերի շուրջը հիմա,
Մահվան բեկուն այդ քնարին այդքան մոտիկ -
Ի՞նչ են ուզում՝ այդքան տխուր ու ակամա:
Եվ արդյոք ո՞վ է երազել այդքան դաժան -
Ու լուսավոր առավոտները իմ հոգու
Ո՞վ դարձրեց – մի անկրակ իրիկնաժամ,
Ու գորշ պարան, ու երկնուղեշ փայտե՛ր երկու:
ուցե այդ ե՛ս եմ, որ սրտով իմ լուսնահար
Ո՛չ մի կրակ հեռուներից ձեզ չբերի,
Ու ցանկացա, որ չօրհներգե ո՛չ մի քնար
Լուսապսակ, պայծառ գալիքը Նաիրի…
Երթամ հիմա: Ու կարոտով անմխիթար,
Իմ երգիչի երազներով ու հրերով,
Անհրապույր իմ օրերի երգով մթար
Ու նաիրյան իմ երազի վերջին սիրով,-
Երթամ մարող ու մարմրող իրիկվա մեջ,
Որպես ուրու հալածական, որպես տեսիլ-
Տա՜մ պարանոցս կարոտին այն երկնուղեշ
Ու օրորվեմ՝ եղերական ու անբասիր…
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան.
Եվ թող տեսնեն ի՛մ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՛րբ երկիր, լուսապսակ քո ապագան:
Թող դուրս ընկած իմ աչքերի մեջ կախվածի
Նոքա տեսնեն պայծառ օրերդ ապագա,-
Թող ո՛չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ո՛չ մի ստվեր կախաղանին թող մոտ չգա…

Nessun commento:

Posta un commento