giovedì 2 gennaio 2014

Նժդեհ Գարեգին

Գարեգին Նժդեհը ռազմական, քաղաքական և պետական գործիչ է, 
Ցեղակրոն գաղափարախոսության և շարժման հիմնադիրը: 
Նրա գործունեության շնորհիվ տապալվել է Զանգեզուրը Լեռնային 
Ղարաբաղի ու Նախիջևանի օրինակով Ադրբեջանին բռնակցելու 
թուրք-բոլշևիկյան ծրագիրը:
 
Գարեգին Նժդեհ, իսկական անունը` Գարեգին Եղիշեի Տեր-Հարությունյան, (1886 - 1955) Հայ պետական, ռազմական գործիչ, քաղաքագետ-իմաստասեր, ծնվել է հայոց Նախիջևան գավառի Կզնուտ /այժմ` Կյուզնուտ/ գյուղում:

"Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել" Գարեգին Նժդեհը լայն հանրությանը հայտնի է առաջին հերթին որպես զորավար ու պետական գործիչ, իսկ որպես մտածող` սոսկ հատվածաբար ներկայացվող իր խորիմաստ ու սեղմ ասույթներով: Վերջին հանգամանքը նրա կերպարն ամբողջության մեջ պատկերացնելու հնարավորություն չի տալիս, ուստի չի գիտակցվում նրա հոգևոր ժառանգության վիթխարի նշանակությունը: Նժդեհը մեր պատմության այն եզակի դեմքերից է, որի մեջ ներդաշնակորեն միաձուլվել են զինվորականն ու մտածողը, ազգային բարոյախոսն ու քաղաքական գործիչը եւ որն իր՝ հիրավի պատմաստեղծ կյանքով, հաստատաբար դասվում է հայոց առաջնագույն մեծերի շարքը: Նժդեհը (Գարեգին Տեր-Հարությունյան) ծնվել է 1886թ.-ի հունվարի 1-ին, Նախիջեւանի գավառի Կզնութ գյուղում:
Սկզբնական կրթությունը ստանալով Նախիջևան քաղաքի ռուսական դպրոցում, ուսումը շարունակում է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ, 17 տարեկան հասակից, միանում է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետև անցել է Պետերբուրգ և երկու տարի տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով՝ լքում համալսարանը ու ամբողջովին նվիրվում հայ հեղափոխության գործին՝ ցարիզմի ու սուլթանականության դեմ: 1906թ.-ին անցնում է Բուլղարիա, որտեղ Ռոստոմի աջակցությամբ եւ մակեդոնական ազատագրական շարժման ղեկավարների միջնորդությամբ ընդունվում է Սոֆիայի սպայական դպրոցը և այն հաջողությամբ ավարտելով՝ 1907թ.-ին վերադառնում է Կովկաս: 1907-1908թթ. մտնում է Հ.Յ.Դ. շարքերը եւ մասնակցություն բերում պարսկական հեղափոխական շարժմանը: Զենք եւ ռազմամթերք տեղափոխելու համար, Նժդեհը 1909թ.-ին վերադառնում է Կովկաս եւ ձերբակալվում ցարական իշխանությունների կողմից: Բանտերում մնալով ավելի քան երեք տարի, տեղափոխվում է Բուլղարիա:
Երբ 1912թ.-ին սկսվեց Բալկանյան առաջին պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար (հանուն Մակեդոնիայի եւ Թրակիայի ազատագրության), բուլղարական բանակի կողքին ստեղծեցին կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկը:
Առաջին աշխարհամարտի նախօրյակին, "ներման" արժանանալով ցարական կառավարության կողմից, Նժդեհը վերադառնում է Կովկաս՝ Թուրքիայի դեմ մղվելիք պատերազմին մասնակցելու պայմանով:
1918թ.-ի գարնանը վարում է Ալաջայի (բնակավայր Անիի շրջակայքում) կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռնեց նահանջող հայկական զորամասերին՝ անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ. միաժամանակ, իր մարդկանցով ապահովում է Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:
Մոտենում էր 1918թ.-ի մայիսը, վճռվում էր հայոց ճակատագիրը: Ալեքսանդրապոլում կռվի բռնվելով թուրքական զորքերի դեմ, Նժդեհը իր խմբով նահանջում է Ղարաքիլիսա: Այստեղ էին նահանջել խուճապի մատնված բազմահազար հայ փախստականներ. տեղի ժողովուրդը նույնպես տագնապի մեջ էր: Ահա՛ այս օրհասական պահին, երբ տիրում էր համատարած հուսալքում, լսվում է Նժդեհի ռազմաշունչ, ամենափրկիչ ձայնը. Դիլիջանի եկեղեցու բակում նրա արտասանած ճառը հոգեփոխեց հուսալքված, բայց ոգեշունչ խոսքի կարոտ հայերին եւ նրանց առաջնորդեց դեպի սրբազան ճակատամարտ: "Դեպի՛ ճակատ, այնտե՛ղ է մեր փրկությունը"- հնչում է Նժդեհի հուժկու, վճռական եւ ինքնավստահ ձայնը: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականով՝ հայությունը հաստատեց իր հարատեւելու կամքը, եւ այդ հավաքական կամքի զորացման գործում, անշուշտ, անուրանալի է Նժդեհի դերը: Ղարաքիլիսայում վարած կռիվն երի համար (որոնց ընթացքում վիրավորվել է) Նժդեհը արժանացել է ամենաբարձր քաջության շքանշանի:
Հայաստանի Հանրապետության հռչակումից հետո, 1918թ.-ի վերջին, Նժդեհը ՀՀ կառավարության կողմից նշանակվում է Նախիջեւանի գավառապետ, իսկ 1919թ.-ի օգոստոսից՝ Կապանի, Արեւիքի եւ Գողթանի (Կապարգողթ) ընդհանուր հրամանատար:
Առանց դրսի օժանդակության, ապավինած հայրենի լեռներին ու սեփական ոգու զորությանը, Սյունիքի հայությունը, Նժդեհի ղեկավարությամբ, վարեց իր հաղթական դյուցազնամարտը: Լեռնահայության դիմումներին՝ որեւէ կերպ օգնելու, ՀՀ կառավարությունը, բացի մեկումեջ արվող քաջալերանքի կամ համակրանքի խոսքերից, ո՛չ մի կերպ չարձագանգեց:
Իսկ Նժդեհը երբեմն ստիպված էր լինում չհնազանդվելու վերին իշխանության հրամաններին: Մասնավորապես, երբ Խատիսյանի կառավարության կողմից նրան հրամայված էր գաղթեցնել պաշարված ողթանի հայությունը, Նժդեհը մերժեց այն, եւ, փոխարենը, սրբեց ու տեղահանեց գավառի թուրքական բնակավայրերը: Ավելին, 1920 թվականի օգոստոսին, ՀՀ զինվորական նախարար Ռուբեն Տեր-Մինասյանը, համաձայն բոլշեւիկների հետ կնքված զինադադարի (իմա՛ 1920թ. օգոստոսի 10- ին Թիֆլիսում Բորիս Լեգրանի ու Արշակ Ջամալյանի միջեւ կնքված համաձայնագիրը, որով ՀՀ-ն համաձայնություն էր տալիս Կարմիր բանակի մուտքին Զանգեզուր, Ղարաբաղ եւ Նախիջեւան), Դրոյի միջոցով հեռագրում էր Նժդեհին՝ թողնել Կապանն ու ենվազը եւ անցնել Երեւան: Բայց Նժդեհը, չընդունելով ՀՀ զինվորական նախարարի՝ Զանգեզուրը թողնելու հրամանը, եւ մերժելով Դրոյի առաջարկը՝ անցնել Երեւան ապաքինվելու (Գորիսի ձորում վիրավորվել էր), նախընտրեց մնալ Սյունիքում եւ մենակ չթողնել լեռնահայությանը: Այդ ծանր օրերին էր, որ Նժդեհը հղացավ եւ գործի դրեց Դավիթբեկյան Ուխտերը: 1920թ. օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-Բեկի անունով՝ հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատության, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը:
1923թ.-ին լինելով Բուխարեստում, Նժդեհը, տեղի "Նոր Արշալույս" թերթում հանդես է գալիս "Իմ խոսքը - Թե ինչո՞ւ զենք բարձրացրի խորհրդային զորքերի դեմ" հոդվածաշարով: Այդ տարիներին Նժդեհը հանգամանալից անդրադառնում է Սյունիքի կռիվների պատմությանը՝ 1923-1925թթ.-ին ընդարձակ հոդվածաշարով հանդես գալով Բոստոնի Հայրենիք ամսագրում:
1924-1925թթ. նա հրապարակումներ է ունենում Պլովդիվում լույս տեսնող "Հայաստան" դաշնակցական թերթում: Մասնավորապես, 1924թ.-ին այստեղ տպագրվում են առանձին գլուխներ նրա "Էջեր իմ օրագրեն"-ից, որը նույն տարի լույս է տեսնում առանձին գրքույկով, Կահիրեում:
1926թ.-ին Նժդեհը սկսում է հանդես գալ Սոֆիայում լույս տեսնող "Արաքս" թերթում, ուր տպագրվում է նրա "Բաց նամակներ հայ մտավորականությանը" շարքը:
1933թ. ամռանը Նժդեհը մեկնում է ԱՄՆ: Նժդեհի հետ, Ընդհանուր ժողովի որոշումով, ԱՄՆ անցավ կուսակցական հայտնի գործիչ Կոպեռնիկ Թանդրճյանը, որին հանձնարարված էր կազմակերպել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Մուխտար-բեյի սպանությունը (վերջինս մասնակից էր արեւմտահայերի ջարդերին եւ արտասահմանում հակա-հայկական քարոզչության ղեկավարներից էր): Նժդեհը պիտի աջակցեր Թանդրճյանին այդ գործում:
ԱՄՆ-ում Նժդեհը ձեռնամուխ է լինում Ցեղակրոն շարժման ծավալմանը՝ երկրի հայաշատ վայրերում Ցեղակրոն Ուխտեր հիմնելով:
1935թ.-ին նա լույս ընծայեց "Ամերիկահայությունը - Ցեղը եւ իր տականքը" աշխատությունը, միաժամանակ նպատակ ունենալով ընդլայնել Ցեղակրոն շարժումը և այն դարձնել համագաղութային:
1937թ. Հայկ Ասատրյանի հետ, Պլովդիվում սկսում են հրատարակել "Ռազմիկ" ազգայնական թերթը:
1937թ. Սոֆիայում լույս է տեսնում Նժդեհի "Իմ պատասխանը" ուսումնասիրությունը՝ նվիրված Սյունիքի հերոսականին:
Այդ տարիներին Նժդեհի համար վերստին կարեւորվում եւ հրատապ է դառնում հայությանը մոտեցող պատերազմին հոգեբանորեն նախապատրաստելու եւ նոր բարոյականով սպառազինելու խնդիրը: Այդ նպատակով, 1937-1938թթ., Հ. Ասատրյանի, Ն. Աստվածատուրյանի եւ այլոց հետ նախաձեռնում է Տարոնական շարժումը:
1938-1939թթ. լույս է տեսնում շարժման պաշտոնաթերթը՝ "Տարոնի Արծիվ"-ը):
Նժդեհն իր մասնակցությունն է բերում 1942թ.-ի դեկտեմբերին Բեռլինում ստեղծված ու մինչեւ 1943թ.-ի վերջը գործած Հայ Ազգային խորհրդի աշխատանքներին (խորհրդի նախագահն էր Արտաշես Աբեղյանը), որի օրգան "Ազատ Հայաստան"-ի փոխխմբագիրն էր (խմբագիր՝ Աբրահամ Գյուլխանդանյան):
1944թ.-ի սեպտեմբերին խորհրդային զորքերը մտան Բուլղարիա: "Գիտեմ թե ինչ է սպասվում ինձ, բայց եւ այնպես որոշել եմ մնալ, հակառակ որ կարելիություն ունեմ օդանավով ինձ նետելու Վիեննա: Չեմ հեռանում, որ հալածանքի չենթարկվեն մեր կազմակերպությունները ("Բուլղարիայի Ցեղակրոն Ուխտերը"): Մնալու ավելի լուրջ պատճառներ ունեմ... Այսօր կյանքին ես կապված եմ այն չափով միայն, ինչ չափով որ ինձ դեռ պարտական եմ զգում ծառայելու Հայաստանին",- գրում էր Նժդեհը 1944թ.-ի սեպտեմբերին, ձերբակալությունից քիչ առաջ:
1944թ.-ի հոկտեմբերի վերջերին, խորհրդային "Սմերշ" բանակային հակահետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից Նժդեհը ձերբակալվում է: Նրան տեղափոխում են Բուխարեստ, այնտեղից՝ ինքնաթիռով Մոսկվա եւ բանտարկում Լյուբյանկայում:
1946թ.-ի նոյեմբերին, Նժդեհին Մոսկվայից ուղարկում են Երեւան, ուր դատաքննությունը ավարտվում է 1948թ.-ին. Նժդեհը դատապարտվում է 25 տարվա բանտարկության, ժամկետը հաշվելով 1944թ.-ից (ի դեպ, դատավճիռը կայացվել է ապրիլի 24-ին):
Նժդեհի ձերբակալությունից հետո, ընտանիքը (կինը եւ զավակը) Սոֆիայից աքսորվում է Բուլղարիայի Պավլիկենի քաղաքը:
1947թ.-ին Նժդեհը խորհրդային կառավարությանն առաջարկում է հանդուգն մի ծրագիր. սփյուռքում ստեղծել համագաղութային ռազմաքաղաքական կազմակերպություն՝ "Հայկական իռեդենտա", որի նպատակը պետք է լիներ Արեւմտյան Հայաստանի ազատագրումը եւ նրա վերամիավորումը Խորհրդային Հայաստանին: Առաջարկության մեջ Նժդեհը հանգամանալից անդրադառնում էր այդ կազմակերպության ստեղծման՝ պատմականորեն թելադրված անհրաժեշտությանը, նրա ապագա գործուն եության ձեւերին, կառուցվածքին եւ այլն: Թեեւ Նժդեհի առաջարկությունը լրջորեն հետաքրքրեց խորհրդային ղեկավարներին եւ մի քանի տարի շարունակ ուսումնասիրվում էր ամենատարբեր ատյաններում, սակայն, ի վերջո, այն մերժվեց:
1948-1952թթ.-ին Նժդեհը գտնվում է Վլադիմիրի բանտում, այնուհետեւ, մինչեւ 1953թ. ամառը՝ Երեւանի բանտում: Նժդեհի երկրորդ անգամ Երեւան բերվելը, ինչպես վկայում է նրա բանտակից Հովհաննես Դեւեջյանը, պայմանավորված էր նրանով, որ Նժդեհը դիմում էր գրել խորհրդային ղեկավարությանը՝ "առաջարկելով իր միջնորդությունը Դաշնակցության եւ խորհրդային իշխանության միջեւ հասկացողություն մը եւ գործակցություն մը ստեղծելու համար": Այս խնդրի շուրջ երկար խոսակցություններ են տեղի ունենում Հայաստանի անվտանգության նախարարի հետ, որոնց արդյունքում, 1953թ.-ին, Նժդեհն ու Դեւեջյանը Երեւանի բանտից, համատեղ, նամակ են գրում Ս. Վրացյանին (որն այդ ժամանակ Դաշնակցության հետախուզական դպրոցի տնօրենն էր), հորդորելով նրան մերձենալ ռուսներին՝ հակաթուրքական հողի վրա: Սակայն, Մոսկվայում նպատակահարմար չգտան նամակը ուղարկել եւ այն մնաց որպես միայն փաստաթուղթ:
Այնուհետև, Նժդեհին նորից տեղափոխում են Վլադիմիր, ուր և մահանում է 1955թ.-ի դեկտեմբերի 21-ին:
Ստանալով բանտային վարչության հեռագիրը Նժդեհի մահվան մասին, եղբայրը՝ Լեւոն Տեր-Հարությունյանը, Երևանից շտապ մեկնում է Վլադիմիր: Նրան հանձնվում են եղբոր զգեստն ու ժամացույցը, իսկ ձեռագրերը՝ ոչ: Թույլ չի տրվում նաեւ մարմինը տեղափոխել Հայաստան: Լևոնը կատարում է եղբոր թաղումը, գերեզմանը ցանկապատել տալիս ու տախտակի վրա, ռուսերեն, պատվիրում գրել՝ "Տեր-Հարությունյան Գարեգին Եղիշի (1886-1955)":
Իր մահից տասնամյակներ անց միայն՝ 1992թ. մարտի 30-ին, Նժդեհը ՀՀ դատախազության կողմից արդարացվեց, ինչի կարիքը երբևէ չուներ:
1983 թ-ին Նժդեհի աճյունը գաղտնի տեղափոխվել է Երևան, որից մի մասունք ամփոփվել է Խուստուփի լանջին (2001 թ-ին կանգնեցվել է կիսանդրին), աճյունը 1987 թ-ին՝ Սպիտակավոր Սբ Աստվածածին վանքի բակում (ՀՀ Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղի մոտ): 2005 թ-ի ապրիլի 26-ին աճյունի մի մասը զինվորական պատիվներով վերաթաղվել է Կապանում, որտեղ ստեղծվել է Նժդեհին նվիրված հուշահամալիր:
2001 թ-ին Երևանում լույս է տեսել Նժդեհի երկերի «Հատընտիր» ժողովածուն, 2002 թ-ին՝ երկհատորյակը:
Հայաստանի առաջին հանրապետությունը Նժդեհին պարգևատրել է «Մեծն Վարդան», Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ «Խուստուփի արծիվ» շքանշաններով:
Գարեգին Նժդեհի անունով Երևանում  կոչվել են դպրոց, հրապարակ, փողոց, մետրոպոլիտենի կայարան, Գյումրիում` փողոց, հրապարակ, որտեղ և կանգնեցվել է նրա հուշարձանը:
 
                                                                                                                                                        Գարեգին Նժդեհի հզոր մտքերը  
 
Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

Երկու բան պետք է լցնի մարդու հոգին հիացմունքով ու հարգանքով՝ աստղալից երկինքը գլխի վերևում և բարոյական օրենքը սրտի մեջ:

Շղթաների մեջ ծնվում, ապրում և մեռնու՞մ ես, դու ես մեղավոր, որովհետև թույլ ես:

Քրիստոնեական սիրո խորհուրդը ամբողջ դարեր պատճառ է դարձել մեր ժողովրդի անօրինական ողբերգության:

Իրավունքը ուժի հասկացողություն է, այլ ոչ տրամաբանական:

Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի եւ մահվան առջև` հաղթական հայրենիք չի ունենա:

Կրոնների պես հայրենիքներն էլ պահանջում են, որ իրենց սպասարկողի ձեռքերը լինեն տաք եւ մաքրամաքուր:

Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը — վերադաստիարակությունն է:

Յուրաքանչյուր ազգի պարտականությունը մարդկության հանդեպ նախ և առաջ դրսևորվում է սեփական ազգի կենսունակության պահպանման և սեփական մշակույթի զարգացման ձևով:

Քննադատել՝ հոգեպես տառապել է նշանակում:

Իմ ազգային դաւանանքը թոյլ չի տալիս թշնամանք տածել դէպի որեւէ հայ մարդ:

Եօթնիցս ստոր է նա, ով գերադասում է կեանքը մահէն բոլոր պարագաների մէջ:

Մահ չկայ, մեռնում է փոքրոգին, մեռածն է մեռնում:

Քաջերի յարութիւնն է մահը:

Ապստամբ ժողովրդին միայն Աստուած կարող է յաղթել:

Մի ժողովուրդ` մի ընտանիք:

Սիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցուած է յորդելու, թափուելու աստիճան:

Այն օրից, ընթերցող, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում:

Ով հեռանում է կրօնից, անձնասպանօրէն կտրում է իր հոգեւոր զարկերակը: Մի օր հայութիւնը պիտի ների թրքութեան, բայց ոչ ծունկի ելած նրա առջեւ, պարտուելուց յետոյ, այլ նրան ծնկի բերած` ծեծելուց յետոյ

Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան:

Ամեն մէկ «ես» յանցաւոր ապստամբ մը, ամեն մէկ «ես»-ականութիւն` բարոյական մահափորձ մըն է այն Մեծ Ամբողջին դէմ, որ ԱԶԳ կը կոչենք:

Չմնաց, աշխարհում գրեթէ չմնաց ցեղ, որ մեր բազկի ոյժը չզգար:

Սկզբից ի վեր հայութիւնն ու իր քրիստոնէութիւնը ձուլուած են ի մի բնութիւն: Այս երկուսի ճակատագիրը նոյնացած է:[

Հայ եկեղեցին ազգային եկեղեցի է:

Իմ հոգին զոյգ յենարաններ ունի` Աստված եւ հայրենիք:

Եթէ կեանքի նպատակը յաճոյքը համարեցիր, վախճանդ կորուստն է:

Ոգեշունչ էր քրիստոնէութիւնը եւ հէնց այդ է պատճառը, որ նրա գիրկը նետուողներէն առաջինը եղաւ հայը:

Նա (ազգս-Է.Է.) գերագոյն նպատակ է, ես` միջոց:

Նա, ով ընդունում է Աստծոյ գոյութիւնը, ընդունում է նաեւ իր պարտականութիւնը հանդէպ գերագոյն իրականութեանց` ԱԶԳ, ՀԱՅՐԵՆԻՔ, ՊԵՏՈՒԹԻՒՆ:

Չկայ, կեանքն ազգին եւ հայրենիքին պատարագելու չափ մեծ երջանկութիւն չկայ աշխարհում:

Միայն ազնիւն է զօրաւոր:

Անկրօն էակը հրաշունչ զինուոր չի դառնայ:

Ներիր, Տէր, ներիր, եթէ մի օր հայրենիքիս օգտակար լինելու համար մեղանչեմ Քո դէմ:

Ամեն հայ ընդունակ է մարտիրոսանալու, իսկ ամեն մարտիրոս կարող է հերոս լինել:

Աւելի լաւ է հայ մարդը համր լինի, քան օտարախօս:

Ես անչափ զարմանում եմ, երբ հանդիպում եմ անտաղանդ հայի:

Հայը պատճառ չունի կուսակցականանալու. հայը կուսակցականանալու նաեւ իրավունք չունի:[

Ամեն հայ դա դու ես. ճակատագրի եղբայր է ամեն հայ:

 
 
 

Nessun commento:

Posta un commento